Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ Նիկոլյանի գործով։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել դատաքննության իրավունքի և անձնական կյանքի հարգման իրավունքի խախտում, նաև որոշել է, որ Հայաստանը պետք է Գուրգեն Նիկոլյանին վճարի 7800 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Գործը վերաբերում էր հայցվորին, որն անգործունակ էր ճանաչվել 2013 թ. դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին։ Դատարանը վճռեց, որ հայցվորը չէր կարող հայց ներկայացնել ապահարզանի և բնակարանից կնոջը վտարելու մասին, ինչպես նաև՝ չէր կարող հասնել դատարանում իրավունակության վերականգնմանը, քանի որ Հայաստանի օրենքը լիովին արգելել է դատարանի ուղղակի հասանելիությունն անգործունակ ճանաչվածների համար։ Այս իրավիճակը խորանում է այն փաստով, որ իշխանությունները հայցվորի որդուն, չնայած բարդ հարաբերություններին, նշանակել են նրա օրինական խնամակալ։
Բացի այդ՝ որոշումը, որը զրկում էր հայցվորին գործունակությունից, հիմնվում էր միայն մեկ հնացած հոգեբուժական եզրակացության վրա՝ առանց որևէ մանրամասն վերլուծության նրա հոգեկան խանգարման աստիճանի կամ հիվանդության պատմության մասին:
2012 թվականին Նիկոլյանը հայց էր ներկայացրել ապահարզանի և կնոջը վտարելու մասին, պնդել, որ իրենց կոնֆլիկտային հարաբերություններն անտանելի են դարձրել համատեղ կեցությունը, բայց ազգային դատարաններն այդպես էլ չեն քննարկել նրա հայցը, քանի որ նա 2013 թվականին դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին, ճանաչվել էր անգործունակ: Դատարանը նաև որոշել էր, որ Նիկոլյանը հոգեկան խանգարում ունի, չի կարող գիտակցել, թե ինչ է անում և չի կարող վերահսկել իր գործողությունները։