ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված՝ հողերի ապօրինի սեփականաշնորհման քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև՝ Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ:
Պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի տարածքում գտնվող համայնքների վարչական սահմաններից դուրս 55.88 հա, իսկ Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող 50.48 հա անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է: Դրանց մի մասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, մյուս մասը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ խառը կառուցապատման համար:
Նշված հողատարածքներն առանց փաստացի աճուրդի` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցովեն ձեռք բերվել այդ ժամանակաշրջանում հայտնի տարբեր անձանց, պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից:
Մասնավորապես՝ հիշյալ տարածքում հողամասեր են ձեռք բերել քննարկվող ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:
Այսպիսով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամներ Լևոն Պետրոսյանը, Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Արմինե Վերդյանն ու Մյասնիկ Կոստանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:
Նշված պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ապօրինի օտարվել են 106 հա հողատարածքներ, ինչն էլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, ինչի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Որոշման օրինակներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Ծաղկաձոր համայնքին և Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: