Իրավաբանական անձանց պետական էլեկտրոնային ռեգիստրի տվյալները շուտով հասանելի ու անվճար կդառնան լրատվամիջոցների համար: Կառավարության նիստում հաստատվեց համապատասխան օրենսդրական փաթեթը, որն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։ Ներկայում լրատվամիջոցները 3000 դրամի չափով պետական տուրք են վճարում ռեգիստրին՝ իրավաբանական մեկ անձի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։ ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հարցին, հարցի առնչությամբ հետևյալն է հայտարարել. «Լրատվամիջոցներն անհատականացման քարտով կօգտվեն ռեգիստրի բազայից, այսինքն՝ հնարավորություն կունենան անսահմանափակ որոնում անել և տվյալներ հանել։ Գրեթե ամեն ինչ էլեկտրոնային է»,- պարզաբանել է նախարարը։
Ի դեպ, հարցի առնչությամբ մտահոգություններ էին առկա դեռևս ամիսներ առաջ։ Նախարարությունն առաջարկել էր հաշվառել լրատվամիջոցներին, որից հետո միայն վերջիններիս թույլատրել մուտք գործել բազա: ԶԼՄ տարբեր ներկայացուցիչներ ընդդիմացան՝ հայտարարելով, թե ԶԼՄ հաշվառումը կարող է ճնշում դիտարկվել մամուլի նկատմամբ։ Սա զարմացրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Այսինքն՝ ռեգիստրի տվյալներին տալիս ենք մուտքի հնարավորություն, ասում ենք՝ բայց մտնելուց առաջ ID քարտ օգտագործեք, ասում են՝ ո՛նց, էս մեզ ուզում եք վերահսկե՞ք»,- տարակուսել է Փաշինյանը։
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ լրագրողների համար նմանատիպ մի գործընթաց էլ նախաձեռնել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Հիծյալ կառույցի տնօրինած տվյալների բազայից նույնպես լրագրողներն օգտվում են պետտուրքի վճարման հիմունքով։