Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ստրասբուրգում մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց ներկայացնելով Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, հակամարտությամբ ու չճանաչվածությամբ պայմանավորված հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Բեգլարյանը, մասնավորապես, հանդիպել է ԵԽԽՎ սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նախագահ Շտեֆան Շենախի հետ, ներկայացրել Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, խնդիրները, եվրոպական կառույցների հետ իր գրասենյակի ընթացիկ շփումները և հնարավոր համագործակցության հեռանկարները։
Հաշվի առնելով, որ Շենախը նաև Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն է՝ պաշտպանն անդրադարձել է այդ երկրի կատարած իրավախախտումներին և սպառնալիքներին: Բեգլարյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության վրա, համազեկուցողին է տրամադրել հայատյացության և Ապրիլյան պատերազմի իրավախախտումների թեմաներով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները: Արցախի ՄԻՊ-ը ընդգծել է, որ հայատյացությունն ընկած է Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների համակարգային խախտումների հիմքում, որը, միևնույն ժամանակ, լրջագույն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգության և մարդու իրավունքների միջավայրի համար:
Բեգլարյանը հանդիպել է նաև ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ զեկուցող Կիլլիոն Մունյամայի հետ: Նա ներկայացրել է Արցախում ապրող ներքին տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրները՝ անընդունելի համարելով նրանց բացարձակապես անտեսումը միջազգային կառույցների կողմից:
Բոլոր հանդիպումներում ԵԽ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակի ու հիմնախնդիրների վերաբերյալ՝ ընդունելով չճանաչված պետությունների միջազգային ընդգրկվածության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը՝ ելույթ ունենալով Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում խոչընդոտների մասին: