ՀՀ քննչական կոմիտեից հաստատել են այն տեղեկատվությունը, ըստ որի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը ինքնակամ ներկայացել են նախաքննող մարմնին և կալանավորվել: Հիշեցնենք, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը և հայտարարվել էր հետախուզում։
Գուրգեն Զաքարյանին և նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու դեպքի կապակցությամբ քննվող քրեական գործի շրջանակում: Ըստ նախաքննական մարմնի, կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար: