«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունն արժանացել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հատուկ օրհնությանը` Վատիկան կատարած այցի ընթացքում: Ընդ որում, այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ ոչ միայն Վատիկանի, այլև համայնքի առաջնորդների հետ: Պատվիրակության կազմում էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն եւ Չո Լա Աունը:
«Մեզ համար մեծ պատիվ է ստանալ Նորին Սրբության հատուկ օրհնությունը: Առաջնորդվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը տարածելու և դրա ազդեցությունն առավելագույնի հասցնելու հանձնառությամբ՝ կարևոր է, որպեսզի աշխարհի տարբեր անկյուններում մենք սերտ հարաբերություններ կառուցենք հոգևոր, կառավարական, մասնավոր հատվածների և մշակույթի ականավոր դեմքերի հետ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի և Նորին Գերազանցություն կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ հանդիպումները լավ առիթ էին՝ ամփոփելու արածը, վերագնահատելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունն ու համաշխարհային ազդեցությունը: Այնուամենայնիվ, մեր գործը դեռ նոր է սկսվել: Այս ամիս Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումին մենք կքննարկենք համաշխարհային մարտահրավերները՝ փորձելով գտնել լուծումներ»,- հավելել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: