Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի թեկնածու Վազգեն Մարգարյանի հայտարարությունների վերաբերյալ համապատասխան գործընթաց սկսելու համար:
Չոբանյանը իր ֆեյսբուքյան գրառմանը կցել է նաև մարզպետարանի էջում մինչ այդ հրապարակված տեքստը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Երեկ տեղի է ունեցել «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով: Վազգեն Մարգարյանը, որը վերջին ամիսներին հանդիսանում էր կլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, հրաժարվել է մասնակցել մրցույթին՝ հայտարարելով, թե կողմնակալություն ու նույնիսկ ֆինանսական շահագրգռվածություն կա, և թե իբր ամեն ինչ կազմակերպված է, որպեսզի հաղթի մյուս թեկնածուն՝ Էդիկ Գրիգորյանը»:
«Քանի որ «Իջևան» բժշկական կենտրոնի տնօրենին նշանակում է մարզպետը, սա նախևառաջ ինձ ուղղված զրպարտություն է, զրպարտություն՝ մեր պետությանն ու իմ ղեկավարած կառույցին, որտեղ մասնագետներն օրնիբուն, տքնաջան աշխատանքով անում են հնարավորն ու անհնարինը՝ վատն ու արատավորն արմատախիլ անելու, բարձր արդյունք ապահովելու համար»,- ըստ մարզպետարանի էջի՝ նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Տավուշի մարզպետի խոսքով՝ առնվազն տարակուսելի է, թե ինչպես կարելի է խախտել բարոյականության նորմերը՝ սեփական ձախողումն ուրիշի վրա բարդելու համար: Չոբանյանը խոստացել է, որ թույլ չի տալու որևէ մեկին սևացնել իրենց կատարած աշխատանքը, փորձել տպավորություն ստեղծել, թե երկրում ոչինչ չի փոխվել, կամ թե՝ որևէ մեկն օգտվում է հովանավորչությունից:
«Իսկ Վազգեն Մարգարյանը ստիպված կլինի իր կողմից բերված պնդումները փաստարկել և ապացուցել դատարանում ու պատասխանատվություն կրել զրպարտության համար»,- հավելել է Տավուշի մարզպետը: