Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին, Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:
Քանդակը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Հեղինակը հայ քանդակագործ Ալիս Մելիքյանն է:
«Ազնավուր» հիմնադրամը բարձր է գնահատում Ազնավուրի քանդակը քաղաքի սրտում տեղադրելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին ու այցելուներին զգալու Ազնավուրի «ներկայությունը»,- կիսանդրու հանձնման արարողությանը նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:
Կիսանդրու հանձնման արարողությանը ներկա են եղել Ազնավուրի ընտանիքի անդամները, ընկերներ, ֆրանսիացի պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։