Մոսկվայում մեկնարկել է «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովը, որին մասնակցում են տարբեր պետությունների նախարարներ և խոշոր ընկերություններ: Քառօրյա համաժողովի շրջանակում տեղի կունենա 70 միջոցառում, ուշադրության կենտրոնում են նավթի համաշխարհային գները, բնապահպանական խնդիրները և էներգետիկ շուկայի զարգացման հեռանկարը: Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, անդրադառնալով ռուսական գազի մատակարարման խնդրին, նշել է, որ այս տարի Եվրոպա մատակարարումների ծավալը մի քանի միլիարդ խորանարդ մետր պակաս կլինի, բայց դա սկզբունքորեն ոչինչ չի փոխի: «Եվրոպական շուկայի 37 տոկոսն էլ լավ ցուցանիշ է: Եվ այն պայմանագրերը, որոնք մենք ունենք, մեզ թույլ են տալիս ասել, որ չենք կորցնի մեր բաժինը»,- վստահեցրել է նախարարը: «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքներն էլ 83 տոկոսով կատարված են, սպասվում է Դանիայի թույլտվությունը: նախագիծը ենթադրում է երկու հոսքով տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ռուսական գազը Ռուսաստանից Բալթիկ ծով հատակով հասցնել Գերմանիա: Շինարարության ծախսերը գնահատվում են 9,5 մլրդ եվրո: Գազատարն անցնելու է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտիների և ջրերի միջով, շրջանցելու է տարանցիկ երկրներ Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը, Արևելյան Եվրոպայի և բալթյան երկրները: