Ավարտվել է մատչելի գներով պարարտանյութերի, սերմերի հատկացման պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել են դատախազության հանրային կապերի բաժնից:
Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ հողօգտագործողներին աջակցելու պետական նշված ծրագրերի շրջանակներում 2012-2014 թթ. ընթացքում Լուսաղբյուր համայնքին հատկացվել է ընդհանուր 9.8 մլն դրամ արժողությամբ 61.350 կգ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու, իսկ 2015 թ. ընթացքում՝ 10.8 մլն դրամ արժողությամբ 90.100 կգ ազոտական պարարտանյութ: Սակայն համայնքի ղեկավար՝ ներկայումս հանգուցյալ Մ. Խ.-ն ստացած պարարտանյութի և ցորենի սերմացուի մի մասը բնակիչներին չէր հատկացրել, իսկ հատկացվածի դիմաց բնակիչների վճարած գումարների մի մասը չէր փոխանցել համապատասխան կազմակերպությունների առանձնացված հաշվեհամարին: Փոխարենը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել էր առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 16.3 մլն ՀՀ դրամ արժողությամբ պարարտանյութը և աշնանացան ցորենի սերմացուն, ինչպես նաև դրանց մի մասի դիմաց վճարված գումարը:
Մ. Խ.-ի մահվամբ պայմանավորված՝ հնարավոր չէր եղել քրեական հետապնդում հարուցել: Սակայն դատախազական արդյունավետ հսկողության ներքո ձեռնարկված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ համայնքապետի մահվանից հետո, Լուսաղբյուր համայնքի ղեկավար ընտրված Ա. Հ.-ն, տեղեկացված լինելով դեռևս 2015 թ. ընթացքում պարարտանյութեր գնած կամ ստացած շահառուների ցուցակներում ձևական անձանց վերաբերյալ տեղեկություններ ներառված լինելու և նույն ցուցակներում ինչպես իր, այնպես էլ իր մերձավոր ազգականների՝ եղբայրների, հորեղբոր, մոր, կնոջ, եղբոր կնոջ ընդգրկված լինելու հանգամանքի մասին, առանձնապես խոշոր չափերի պարարտանյութի և աշնանացան ցորենի սերմացուի հափշտակության հանգամանքը թաքցնելու, իր և իր մերձավորների գույքային կամ նյութական այլ պատասխանատվությունից զերծ պահելու շահադիտական դրդումներից ելնելով, 2017 թ. համայնքապետարանի 2 աշխատակիցների օժանդակությամբ կազմել է համայնքի ազոտական պարարտանյութ և աշնանացան ցորենի սերմացու ստացողների վերաբերյալ բովանդակությամբ կեղծ ցուցակներ: Դրանցում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ և ցորենի սերմացու ստանալու, դրանց դիմաց վճարումներ չկատարելու, պարարտանյութի ու աշնանացան ցորենի սերմացուի գծով պարտքեր ունենալու, ինչպես նաև պարարտանյութի շահառու չհանդիսացող մտացածին անձանց կամ նախկին ցուցակում ընդգրկված շահառուների անվամբ հատկացված պարարտանյութի քանակի վերաբերյալ: Բովանդակությամբ կեղծ այդ փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզպետարան, որի հիման վրա ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ ներվել է Լուսաղբյուր համայնքին հատկացված 7.9 մլն ՀՀ դրամ գումարի ազոտական պարարտանյութի և 8.4 մլն ՀՀ դրամ գումարի աշնանացան ցորենի սերմացուի պարտավորությունները: Այդկերպ խաբեության եղանակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։
Նկարագրված արարքները կատարելու համար Լուսաղբյուր համայնքի ղեկավար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի վերոնշյալ երկու աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38,314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: