Հայաստանի Կառավարությունն ու Ազգային ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնարար արժեք է: Այս մասին իր ելույթում նշել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վերջին նախաձեռնությանը:
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ և արդյունավետ աշխատանքի համար, վերջերս հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի և թիրախավորումների դեմ պայքարի շրջանակում Օմբուդսմանի գրասենյակը շարունակում է նախաձեռնել և իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրոպական միության, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ»,- հայտարարել է պատգամավորը:
Տաթև Հայրապետյանի խոսքով, հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ և խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Հայրապետյանը վերահաստատել է այն, որ ՀՀ Կառավարությունն ու Ազգային ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնարար արժեք է Հայաստանի համար:
Հայաստանի ՄԻՊ-ի ինստիտուտից Ստրասբուրգում խոսել է նաև հայաստանյան պատվիրակության մյուս անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի խոսքով՝ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ավելի է ուժեղացվել և ընդլայնվել, ինչը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ ավելի լայն շրջանակ ընդգրկելու, և այսօր օմբուդսմանի ինստիտուտը մեր երկրի ամենակայացած կառույցներից է։ Եվ որպես արդյունք, մանրակրկիտ ուսումնասիրելով անցած տարիների գործունեությունն ու համապատասխանությունը փարիզյան սկզբունքներին, Հայաստանի օմբուդսմանին շնորհվել է ՄԱԿ-ում «Ա» կարգավիճակ։