2020 թ. պետական բյուջեի նախագծով՝ աղետի գոտում բնակարանաշինության կամ բնակարանների վկայագրերի գնման համար միջոցներ նախատեսված չեն: Սեպտեմբերի 30-ին Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքի նախագիծը, ու այն ուղարկվեց խորհրդարան:
Աղետի գոտում բնակարանների ապահովման ծրագիրն իրականացնում է քաղաքաշինության կոմիտեն, սակայն 2020-ի բյուջեից այդ նպատակով ծախսեր առայժմ նախանշված չեն: Այս տարվա հուլիսի 1-ին քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարել էր՝ «2021 թվական պետք է մտնենք առանց աղետի գոտու շահառու հասկացության»: Նաև ասել էր, որ այս խնդիրը լուծելու համար կպահանջվի 3 միլիարդ դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ 2020-ին Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան օլիմպիական մարզադպրոց կկառուցվի: Հրապարակել էր նաև մարզադպրոցի արտաքին տեսքը ներկայացնող հոլովակ: Ծրագիրն իրականացնելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Բյուջեով, սակայն, մարզադպրոցի կառուցման համար ևս գումար հատկացված չէ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը «Լուրեր»-ին պարզաբանեց, որ մարզադպրոցի նախագծանախահաշվարկային գործընթացը դեռ չի ավարտվել, ու միայն դրանից հետո կարելի է բյուջեից գումար պահանջել մարզադպրոցի համար: