Չինաստանը նշում է կոմունիստական վարչակարգի հաստատման 70 ամյակը: Պեկինի կենտրոնում կազմակերպվել է երկրի պատմության մեջ ամենաշքեղ ռազմական շքերթը, որի ժամանակ ցուցադրվել է Չինաստանի ռազմական հզորությունը: Հանդիսավոր շքերթին մասնակցում են ավելի քան 15 հազար զինվորական, 160 ռազմական օդանավ և 600 միավոր զինտեխնիկա: Չինաստանն այս անգամ որոշ զինատեսակներ ցուցադրում է առաջին անգամ: Մայրաքաղաքում անվտանգության արտակարգ միջոցառումներ են: Արգելվել են բոլոր տեսակի թռիչքները, նույնիսկ՝ անօդաչու թռչող սարքերի գործարկումը: Պաշտոնական Պեկինն աննախադեպ ցուցադրությամբ ցանկանում է հասկացնել, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող սասանել Չինաստանը: