«Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ պետությունների հարգելի ղեկավարներ,
նիստի հարգելի հյուրեր,
տիկնայք և պարոնայք,
ինձ համար առանձնահատուկ պատիվ է ողջունել բոլորիդ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։
Մեր կազմակերպությունը, որն արդեն 5 տարեկան է, տարեցտարի ուժեղանում է: Այն արդեն ապացուցել է իր կենսունակությունն ու գրավչությունը՝ որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: Եվ ես ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ Հայաստանն իր հնարավոր ներդրումն է բերում այս գործում:
Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում: Մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ այս պատասխանատու գործառույթն արդյունավետ իրականացնելու համար: Եվ այսօրվա նիստը, որին, բացի Միության անդամ երկրներից, մասնակցում են նաև Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի ղեկավարները, մեր նախագահության յուրատեսակ գագաթնակետ է դարձել:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի բոլոր անդամների անունից ցանկանում եմ ողջունել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունին, ովքեր սիրով համաձայնեցին մասնակցել մեր նիստին:
Ուրախ եմ նաև նշել, որ նիստի շրջանակում առաջին անգամ անցկացվում է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» թեմայով միջազգային համաժողով: Վստահ եմ, որ այս իրադարձությունը կծառայի որպես արդյունավետ հարթակ՝ առևտրատնտեսական կապերն ամրապնդելու և եվրասիական տարածքում լոգիստիկ սխեմաներ մշակելու ուղիներ քննարկելու համար:
Սիրելի ընկերներ,
Իմ խոսքում, մասնավորապես, կցանկանայի անդրադառնալ այն հարցերին, որոնց լուծումը, իմ կարծիքով, կարևոր է մեր համագործակցության հետագա խթանման և դրա արդյունավետության բարձրացման համար:
Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը:
Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձևաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, և անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել:
Ինտեգրման գործընթացը կլինի ավելի դինամիկ, եթե մեր քաղաքացիները համոզվեն, որ մեր աշխատանքի արդյունքում որոշումներ են կայացվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են նրանց կենսամակարդակի և աշխատանքային պայմանների անմիջական բարելավմանը: Վստահ եմ, որ այս ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը թույլ կտա մեզ ոչ միայն արդյունավետորեն վերացնել խոչընդոտները, այլև կնպաստի առավել ամբողջական ինտեգրմանը՝ հավասարության, փոխադարձ շահի և միմյանց շահերի հարգանքի սկզբունքների հիման վրա:
Մենք նաև անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, և, հետևաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում:
Այսօրվա հանդիպման օրակարգում ներառված է Միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը: Սա ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման և ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Հարգելի գործընկերներ,
ինչպես արդեն բազմիցս նշել եմ, Հայաստանն առանձհատուկ կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնմանը:
Արդեն այս ամիս ուժի մեջ են մտնում Իրանի և Չինաստանի հետ համաձայնագրերը: Դրանց հետագա իրականացումը մեզ համար առաջնային է` երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության իրական ընդլայնման համատեքստում:
Օգտվելով նրանից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Ռոհանին, ես ցանկանում եմ վստահություն հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կծառայի որպես կատալիզատոր մեր փոխադարձ առևտրի հետագա զարգացման համար: Դա դրական կազդի մեր երկրների տնտեսական վիճակի վրա՝ հավելյալ արժեքի նոր շղթաների լրացնման և ստեղծման հաշվին:
Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ Սինգապուրի հետ բանակցություններն ավարտվել են: Այսօր կստորագրվի ԵԱՏՄ-ի, նրա անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիրը:
Օգտվելով այն փաստից, որ այստեղ ներկա է հարգելի պարոն Լի Սյեն Լունը, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ սույն պայմանագրի իրականացումը բարենպաստ միջավայր կստեղծի փոխշահավետ առևտրային հարաբերությունների ընդլայնման, բիզնեսի ծախսերի իջեցման և համագործակցության տնտեսական արդյունավետության բարձրացման համար:
Ուրախ եմ նշել, որ Սերբիայի հետ բանակցություններն ավարտվել են, և շուտով նախատեսվում է ստորագրել համապատասխան համաձայնագիր ազատ առևտրի մասին:
Մենք նպատակ ունենք արդյունավետ ավարտին հասցնենք նաև Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունները, ինչն առավելություններ կընձեռի մեր միավորմանը, այդ թվում՝ դարձնելով այն նաև ներդրումների ներգրավման կենտրոն:
Հարգելի գործընկերներ,
Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս ողջունել բոլորիդ Հայաստանում և հավաստիացնել, որ մեր երկիրը կշարունակի բոլոր ջանքերը ներդնել մեր ինտեգրման և համագործակցության խորացման ուղղությամբ:
Շնորհակալություն ուշադրության համար»։