ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, որը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Վարչապետն այդ առիթով հանդես է եկել ողջույնի խոսքով: Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ուրախ է, որ հնարավորություն ունի նախագահ Դոդոնի հետ քննարկել հայ-մոլդովական հարաբերությունները: «Կարծում եմ, որ այսօր իրապես կան այդպիսի հնարավորություններ, պետք է ուղղակի օգտագործել դրանք։ Հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում մեր համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում, և ես, վստահ եմ, իրապես աշխատելու պարագայում կոնկրետ արդյունքներ կունենանք»,- նշել է վարչապետը:
Պատասխան խոսքում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ վերջին 2.5 տարում արդեն 3-րդ անգամ է լինում Երևանում և հույս է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը մոտակա ժամանակներում առաջին պաշտոնական այցը կկատարի Մոլդովայի Հանրապետություն։
«Գիտեք, որ մեր երկրների միջև ավանդաբար գոյություն ունեն շատ լավ, բարեկամական հարաբերություններ բոլոր ուղղություններով։ Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի առևտրաշրջանառության մակարդակի առումով ավելի արագ առաջ շարժվենք։ Այս առնչությամբ կարելի է Ձեր այցին զուգահեռ կազմակերպել Հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որը վաղուց չի գումարվել։ Մենք հիմա հաստատում ենք միջկառավարական հանձնաժողովի մոլդովական կողմի կազմը։ Այդ պատճառով, հուսով եմ, մյուս տարվա սկզբին կկայանան Ձեր պաշտոնական այցը և Միջկառավարական հանձնաժողովի նիստը»,- ասել է Իգոր Դոդոնը։