«Հայփոստ» ընկերության մասնավորեցման հարցն ամենաշատն է մտահոգել պատգամավորներին: Խոսքը պետգույքի մասնավորեցման օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել ընկերությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ռիսկային է համարել կառավարության քայլը: «Եթե մենք այն հանում ենք մասնավորեցման ցանկից, նշանակում է շատ խիստ և կտրուկ փոփոխություն է տեղի ունենում՝ «Հայփոստի» հետագա ճակատագրի հետ կապված»,- հայտարարել է պատգամավորը: Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, ինչը որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ: