ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակում ընդգծել է, որ Վերին Լարսի անցակետում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը խոչընդոտ է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացման ու խթանման համար: Փոխվարչապետն արտահերթ հարցը բարձրացրել է մինչև նիստի օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը: Այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը Վերին Լարսում առաջացած իրավիճակի առնչությամբ հայտնել են, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգով և բացահայտված գերբեռնվածության դեպքերով: Ռուսական կողմը հայտնել է նաև, որ ներկայումս անցակետում գտնվում են 450 տրանսպորտային միջոցներ, որոնց բացթողումը նախատեսվում է իրականացնել մինչև հոկտեմբերի 1-ի երեկո: