Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և վերականգնողական ընթացքը հաջող անցած, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող մի քանի կարմիրգրքյան թռչուններ։ Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Զօօ Ֆաունա Արտի», ինչպես նաև՝ էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։ Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելում և նրանց ապաքինման ընթացքին հետևում էին Տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։ Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, կենդանաբանների ցուցումով, որոշվեց բաց թողնել Արարատյան դաշտում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։
Կարմիրգրքյան տեսակի բաց թողնված թռչուններից են վարդագույն հավալուսնը, մորուքավոր անգղը, բվեճը և քարարծիվը։ Վերացող այս թռչնատեսակներից բացի՝ Տեսչական մարմինը և վերոնշյալ մասնագետների խումբը համապատասխան որոշում կայացրեց և կազմակերպեց նաև 1 սովորական ճուռակ և 3 արագիլներ՝ բնություն վերադարձնելու գործընթացը։