Հայաստանի Կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Սրա մասին "Вестник Экономики ЕАЭС" ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության ծրագրի տնտեսական հատվածը կառուցված է կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության, հարկային համակարգում արդարության ապահովման հաշվին եկամուտների մոբիլիզացման նշանակալի բարելավման, ինչպես նաև տնտեսական գործունեության սուբյեկտների համար հավասար պայմանների, մասնավոր հատվածում ազատ մրցակցության ու բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման հաշվին ներառական աճին նպաստող կառուցվածքային քայլերի սկզբունքների վրա:
Վարչապետն ընդգծել է, որ հետագա քայլերը ներառելու են գործառնական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կիրառել տեխնոլոգիաները և ինովացիաները արտադրողականության աճի համար՝ արդյունաբերության արդիականացման հաշվին: Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի վերափոխման մշակվող ռազմավարությունը սկիզբ կդնի հանրային դիսկուրսի, որն ուղղված կլինի 2050 թվականի Հայաստանի մասին պատկերացման շուրջ կոնսենսուսի հասնելուն: «Հասարակական և պրոֆեսիոնալ լայն քննարկումների հիման վրա կդրվեն ռազմավարական առաջադրանքներ և դրանց լուծման 10-ամյա ժամկետ: «Մենք պլանավորում ենք օգտագործել հստակ ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական գործիքներ՝ այդ ռազմավարությունն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: