Գերմանական ընկերությունն Արցախի Մարտակերտի և Մարտունու շրջաններում 150 հեկտար նռան և ընկուզենու նոր այգիներ կհիմնի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Օրերս աշխատանքային այցով գտնվում էի Մյունխեն և Ժնև քաղաքներում, որտեղ հանդիպել եմ Արցախի հիդրոէներգետիկ ոլորտում ակտիվ ներդրումներ իրականացնող եվրոպական հայտնի ընկերությունների ղեկավարների հետ: Չնայած նրանք դեմ չէին իրենց անունները հրապարակելուն, բայց, հաշվի առնելով մեր հարևանի ագրեսիվ տրամադրվածությունը, զերծ կմնամ նրանց համար ավելորդ խնդիրներ ստեղծելուց:
Քննարկման հիմնական առանցքը եղել է այդ ընկերություններին Արցախի գյուղատնտեսության ոլորտում ներգրավելը: Ուրախ եմ տեղեկացնել, որ գերմանական ընկերության հետ ձեռք է բերվել վերջնական պայմանավորվածություն: Աշխատանքները կսկսվեն առաջիկա շաբաթների ընթացքում, և այն մաս կկազմի Արցախում ավելի քան 10 հազար հեկտար նոր այգիների հիմնման մեծ ծրագրին»,- նշում է Արայիկ Հարությունյանը: