Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ պատրիարքարան ուղարկված կանոնադրության առնչությամբ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Ցավում ենք, որ 21-րդ դարում Թուրքիան այնքան մեծահոգի և լայնախոհ չգտնվեց, որքան 20-րդ դարի հանրապետական Թուրքիան: Եվ սա, իմ կարծիքով, բացասաբար է ազդելու Թուրքիայի Հանրապետության միջազգային հեղինակության, ապա նաև՝ թուրքահայ փոքրաթիվ համայնքի տրամադրությունների վրա: Թեև դեռ ամեն ինչ կորած չէ: Հույս կա, որ թուրքական իշխանությունները կվերանայեն իրենց որդեգրած այս դիրքորոշումը, կվերադառնան հանրապետական Թուրքիայի նախկին ղեկավարների ցուցաբերած լայնախոհությանը և տուրք չեն տա մարգինալ խմբերի ապակողմնորոշող քայլերին:
Թուրքիայի իշխանություններից ակնկալում ենք ավելի մեծ հարգանք ցուցաբերել 1923 թվականի Լոզանի պայմանագրո՝վ երկրում ոչ մուսուլման փոքրամասնության կարգավիճակ ունեցող իրենց քաղաքացիների՝ տարածաշրջանի բնիկների, ամենահին ազգաբնակչության՝ հայերի նկատմամբ, և ընդառաջել նրանց, որ իրենց ազա՛տ կամքով ընտրեն Թուրքիո Հայոց 85-րդ Պատրիարքին՝ համաձայն եկեղեցական ավանդույթի: Այս կերպ միայն հնարավոր է պահպանել Թուրքիայի մշակութային բազմազանությունն ու խճանկար (մոզաիկա) պատկերը:
Կարիք չկա խուճապի մատնվելու կանոնադրության հարցում, պետք է լինել սառնասիրտ և սթափ մտածել: Կարծում եմ, համայնքի հոգևոր և աշխարհիկ պատասխանատուները և հատկապես՝ Նախաձեռնակ մարմինը, պարտավոր են ներքին գործոց նախարարության՝ Պատրիարքարան ուղարկած այս կանոնադրությունը ևս մեկ անգամ քննարկել և կանոնադրության առնչությամբ իրենց գրավոր անհամաձայնությունը հայտնել երկրի պետական իշխանություններին: Քանզի այս կանոնադրությունը հակասում է մեր ազգային եկեղեցու անբաժան սկզբունքներին, հինավուրց ավանդույթներին և պատմության փորձաքննությունը հաջողությամբ անցած վաղեմի կարգ ու կանոնին:
Մենք և Թուրքիո հայությունը պարտավոր ենք հաշվի առնել այն պարզ ճշմարտությունը, որ Աթոռը 12 տարի է զրկված է իր Պատրիարքն ունենալու հնարավորությունից: Պատճառը դարձյալ օրենսդրական բացն է, այսինքն՝ կանոնադրության անկատարելիությունը: Հետևանքները հայտնի են:
Ներկայում՝ Թուրքիո հայ համայնքն ընտրական այս նոր օրենսդրությամբ կանգնած է ավելի լուրջ փորձության առջև, այսինքն չի բացառվում, որ կարող ենք կորցնել դեռևս 15-րդ դարում Սուլթան Մեհմեդի օրոք հիմնադրված Աթոռը, որքան էլ դա առաջին հայացքից իրատեսական չթվա մեզ:
Ուստի պետք է համախմբվել և դիմել իշխանություններին, որ վերանայեն Կանոնադրության 25-րդ հոդվածի, Գ կետը, որով սահմանափակվում է այլ եպիսկոպոսների իրավունքները, ինչը նախկինում երբեք չի եղել:
Օրհնությամբ՝
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի