Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերն այսօր Նաջաֆ Աշրաֆ շրջանում ավարտեցին երկրի արևմտյան Քերմանշահ նահանգում անցկացված զորավարժությունները, որին «Մուհարամ» կոդային անվանումն էին տվել (այսպես է կոչվում Մուհամմադ մարգարեի կողմից սրբադասված 4 ամիսներից մեկը, որը նշանավորվում է Պահքով և Աշուրայի տոնով):
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրնը այդ առիթով հայտարարել է, թե Իրանն անչափ կարևորում է երկրի արևմտյան սահմանների անվտանգությունը և, անդրադառնալով զորավարժությունների ընթացքին, հիշյալ հատվածի անվտանգությունն ամբողջ աշխարհի կտրվածքով է «օրինակելի» որակել: Նշվում է նաև, որ «Մուհարամ» զորավարժության ընթացքում իրականացվել են հետախուզության, անվտանգության ու հաղորդակցական սարքավորումների, ենթադրյալ հակառակորդի օդային հարձակումներին ամենատարբեր հնարքներով դիմակայելու գործողություններ: