Աֆղանստանում «Թալիբան» շարժման պարտությունից ի վեր՝ չորրորդ նախագահական ընտրություններն են անցկացվել: Նախընտրական արշավն ու քվեարկության բուն ընթացքը լարված են եղել, որովհետև ներկա կառավարության օրինակարգությունը չընդունող «Թալիբանը» մինչ այդ անընդհատ սպառնացել էր ահաբեկչությամբ, հանրությանը կոչ էր արել բոյկոտել ընտրությունները, ինչի պատճառով էլ դրա ժամկետները մի քանի անգամ փոփոխվել էին: Ի դեպ, ընտրությունների ֆավորիտը գործող նախագահ Աշրաֆ Ղանին էր, որն առաջիններից է ընտրատեղամաս այցելել: Այս անգամ էլ, ինչպես 5 տարի առաջ, Ղանիի հիմնական մրցակիցը գործող վարչապետ Աբդուլլա Աբդուլլան էր, չնայած՝ իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև 16 այլ գործիչներ:
«Euronews»-ի փոխանցմամբ՝ ընտրություններն անցել են անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում և, չնայած դրան, անցած գիշեր 9 պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում առնվազն 15 քաղաքացի վնասվածքներ են ստացել, 1-ը մահացել է:
Հաղորդվում է նաև, որ ընտրությունների համար ծախսվել է շուրջ 150 մլն դոլար, որի 60 տոկոսը հատկացրել է կառավարությունը, իսկ մնացածը տրամադրել են միջազգային կազմակերպություններն ու ԱՄՆ-ը: