Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծման հետ:
«Վերջին շրջանում մամուլում հաճախ անհարկի քննարկվում և քննադատվում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը: Մասնավորապես՝ hraparak.am կայքում «Հայ զինվորականները մեծ գումարներ են վատնում տարօրինակ մշակումների վրա» խորագրով՝ սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը իրականացնում է նաև առաջատար գիտական ձեռքբերումների մասին տեղեկատվության հավաքման, վերլուծության և համակարգման հիման վրա գիտատեխնիկական հետազոտություններ` հեռանկարային սպառազինությունների (այդ թվում՝ հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա) և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) պահանջարկի որոշման և առկա ՍՌՏ-ի արդիականացումների համակարգման ուղղությամբ:
Նշված գործառույթների իրականացման համար պաշտպանության նախարարությանն օժանդակում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը (տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարություն), որը մշակում ու իրականացնում է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: ԲՏԱ նախարարության բազմաթիվ՝ չորս տասնյակից ավելի խնդիրները ամրագրված են ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշումով:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմաթիվ ռազմական նախագծեր է իրականացնում, դրանց որոշ մասը ներկայացվում են հանրությանը, բայց կան նաև հրապարակման ոչ ենթակա նախագծեր:
Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ռազմական նախագծերին առնչվող թեմաներով անհիմն ու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»: