ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեկնարկում է Շտապ օգնության կանչերի կենտրոնացման պիլոտային (փորձնական) ծրագիրը:
«Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը, և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:
Պիլոտային ծրագրի շրջանակներում Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:
Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա»,- ասված է նախարարի հաղորդագրության մեջ: