2018-2019 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ:
Ստացվել են՝ 18 բանավոր բողոք, 48 գրավոր և ևս 13 բողոք՝ ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին:
Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին:
Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ խնդիրները՝
-
դիմողներին աշխատանքից ազատելուց հետո վերջիններիս հետ վերջնահաշվարկ չի կատարվել (25 գրավոր դիմում, 6 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին).
-
դիմողներն ամենամյա արձակուրդ են գնացել, սակայն արձակուրդային գումար չեն ստացել (12 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք).
-
ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնված դիմողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարվել (9 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք).
-
դիմողները դժգոհություն են հայտնել «Սանիթեք» ընկերության իրականացրած աղբահանությունից և աղբամանների տեղադրման դիրքերից (1 գրավոր դիմում, 1 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին).
-
դիմողներն ամիսներ շարունակ աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել (3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին).
-
աշխատանքից դիմողն ազատվել է, սակայն գործատուն ազատման հրամանը չի տվել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին).
-
գործատուն չի փոխանցել աշխատող անձի մայրության նպաստը (1 բանավոր բողոք).
-
աշխատանքի չներկայանալու համար գործատուն դիմողի աշխատավարձից 10.000 ՀՀ դրամի չափով պահում է կատարել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին),
-
դիմողն աշխատում է իր առողջության համար վնասակար պայմաններում, գործատուն այլ տարածք չի տեղափոխում (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին).
-
դիմողը ցանկացել է ազատվել աշխատանքից, սակայն գործատուից ստացել է սպառնալիքներ (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին).
-
գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ (1 գրավոր դիմում).
-
դիմողն ազատվել է աշխատանքից, ըստ բողոքի՝ անհիմն, և բարձրացվել է նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը (1 բանավոր բողոք):
«Սանիթեք» ընկերության դեմ ՄԻՊ-ին հասցեագրած բողոքների զգալի մասը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստացել է լուծում: