ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Սլովակիայի Արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին:
Ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնեց Հայաստանի աջակցությունն անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ՝ Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:
Գործընկերներն առանձնահատուկ կարևորեցին ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու և ԵԱՀԿ գործիքակազմի կիրարկման համար բավարար կամքի դրսևորման անհրաժեշտությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ մեծապես կարևորելով այդ գործընթացում ԵԱՀԿ կառույցների շարունակական աջակցությունը:
Նախարար Լայչակի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը: