Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է․
«Այսօր՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը և հայտարարում է, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, որոնք կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»: