Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ուշադրության կենտրոնում են պահում Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի պատկան մարմինների հետ։ Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Լարսի անցակետ է այցելել Դոնի Ռոստովի Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մարմիններին խորհուրդ է տրվում հետևել փոխադրման տեխնիկական կանոնակարգերին ու սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին. դրանց պահպանման հսկողությամբ են պայմանավորված անցակետի ռուսական հատվածում ստեղծված կուտակումները։ Դեսպանության տվյալներով՝ նախօրեին անցակետը հատել է մոտ 200 ավտոմեքենա, մեծ մասամբ՝ բեռնատարներ։ Նախնական տվյալներով՝ այժմ կուտակումների նվազման միտում է նկատվում։