Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող հայազգի կիսամիջին քաշային բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը վստահ հաղթանակ է տարել մեքսիկացի Խոսե Գվադելուպե Ռոսալեսի նկատմամբ: Բոլոր 8 ռաունդների ընթացքում Չուխաջյանը զգալի առավելություն է ունեցել: Երեք դատավորներն էլ նույն ցուցանիշով (80:72) հաղթանակը շնորհել են հայազգի մարզիկին:
Ուկրաինան ներկայացնող ևս մեկ հայազգի բռնցքամարտիկ՝ Արամ Ֆանիյանը բարդ հաղթանակ է տարել մեքսիկացի Խիլբերտո Մեսայի նկատմամբ: Մրցամարտի ժամանակ մեքսիկացին ավելի նախաձեռնող էր, սակայն Ֆանիյանի հարվածներն առավել դիպուկ և ուժեղ էին: Մրցավարների արդյունքները՝ 80:72, 79:77, 77:75:
Եվս մեկ հայազգի բռնցքամարտիկ, գերթեթևքաշային Զորավոր Պետրոսյանը վստահ հաղթել է մեքսիկացի Գվադելուպե Ակոստային: 21-ամյա Պետրոսյանը ամբողջ մրցամարտի ընթացքում լարվածության մեջ է պահել մրցակցին: 8-րդ ռաունդից առաջ մեքսիկացու մարզիչները հրաժարվել են ռինգ թողնել իրենց սանին. պատճառը Ակոստայի վնասվածքն է եղել:
Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հանդիպել էր «Լեգենդների հետ» մրցաշարի մասնակից հայազգի բռնցքամարտիկների հետ: