Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Հայաստանի վարչապետը ողջունել է Հնդկաստանի իր գործընկերոջը և նկատել, որ երկու երկրներն ու ժողովուրդներն ունեն ամուր պատմական կապեր, որոնք երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ են պարունակում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Հնդկաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստ է շարունակել հետևողական և ակտիվ համատեղ աշխատանքը:
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ ուրախ է Հայաստանի վարչապետի հետ առաջին հանդիպման առիթով, կողմերը քննարկել են հայ-հնդկական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Նարենդրա Մոդիի խոսքով՝Հնդկաստանը հետաքրքրված է երկկողմ գործակցությունը զարգացնելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին քննարկել են երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար կապերի խորացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես՝ կինոարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ։ Առևտրային կապերի ընդլայնման համատեքստում անդրադարձ է եղել գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման հարցին։ Կողմերը պայմանավորվել են կառավարությունների մակարդակով օժանդակել գործարարների խմբերի փոխանակմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական գործակցության զարգացման համար։
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետերը նաև մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Քաշմիրի նահանգի հարցի շուրջ։