Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և երկկողմ Անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։ Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում և հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը կարևորել է ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համատեքստում։