Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի հաջորդ նախագահ կարող է դառնալ միայն «ժողովրդի կողմից ընտրված մարդը»: Լուկաշենկոն վստահեցրել է, որ չի պատրաստվում իշխանությունը փոխանցել որևէ մեկին:
«Ես ինձ հետնորդ չեմ փնտրում, ո՞ւմ փնտրեմ, այդ դուք պետք է նրան տեսնեք: Պետք չէ ամեն օր մանրադիտակով շրջել և հարց տալ՝ ո՛ւմ վրա է կանգնելու ընտրությունս»,- նշել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը հավելել է, որ երկրի ղեկավարի պաշտոնում կմնա այնքան, որքան թույլ է տալիս առողջությունը, և քանի դեռ վայելում է մարդկանց վստահությունը:
«Ես հավերժ չեմ և մինչև մահս նախագահ չեմ լինելու: Ես ուղղակի ցանկանում եմ ինչ-որ ժամանակ ապրել մյուս մարդկանց նման՝ հանգիստ»,- խոստովանել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոն հավաստիացրել է, որ իր երեխաները չեն տառապում նախագահ դառնալու մոլուցքով:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թ.-ից: