Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Ինչպես «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմից` նախագահ Սարգսյանը գործընկերոջը տեղեկացրել է այցի ընթացքում իտալական տարբեր ընկերությունների հետ պայմանավորվածությունների մասին՝ նշելով, որ նպատակ ունի աջակցել նրանց՝ այցելելու Հայաստան, ծանոթանալու ներդրումային գործակցության հնարավորություններին: Սարգսյանը ողջունել է այս տարվա ապրիլին Իտալիայի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Իտալիայի Սենատի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը։