«Չնայած Իրանի ժողովուրդն ու կառավարությունը 1.5 տարի դիմակայել են ամենախիստ պատժամիջոցներին՝ Իրանը երբեք չի բանակցի այն թշնամու հետ, որը ցանկանում է աղքատության, պատժամիջոցների ու միջազգային ծովահենության միջոցով ծնկի բերել երկրին»,- ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշելով, որ «ԱՄՆ-ը անտեսում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր հանձնառությունները, իսկ Եվրոպան անկարող է կատարել դրանք», Ռոհանին հավելել է, որ «բանակցության միակ ճանապարհը հանձնառություններին վերդառնալն է և պատժամիջոցների չեղարկումը»:
Խոսելով այն մասին, որ Ասիայի արևմուտքը վառվում է պատերազմի, արյունահեղության, ագրեսիայի, զավթիչ քաղաքականության, կրոնական և ազգային երկպառակության ու ծայրահեղության կրակի մեջ՝ Ռոհանին նշել է, որ «ամերիկյան ու սիոնիստական այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Դարի գործարքը», Երուսաղեմը սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելը, Գոլանի բարձունքները գրավելն ու սիոնիստական ռեժիմին կցելը, դատապարտված են պարտության»:
Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, որի նավթային օբյեկտները գրոհելում Արևմուտքը Իրանին է մեղադրում, Ռոհանին հայտարարել է, թե «Արաբիայի անվտանգությունը միայն այն ժամանակ կապահովվի, երբ ոչ թե օտարները տարածաշրջան հրավիրվեն, այլ վերջ տրվի Եմենի դեմ ագրեսիային»:
«Իրանը պատրաստ է իր ողջ ազգային կարողությունը, տարածաշրջանային հեղինակությունն ու միջազգային ուժն օգտագործել՝ հանուն խաղաղության: Պարսից ծոցի տարածաշրջանի և Հորմուզի նեղուցի խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանումն Իրանի պատմական պարտականությունն է, և բոլոր երկրներին, որոնք ներգրավված են Պարսից ծոցի տարածաշրջանի և Հորմուզի նեղուցի գործընթացներում, հրավիրում ենք անդամակցել «Հորմուզի» կամ «Հույսի» նախաձեռնությանը»,- հայտարարել է Հասան Ռոհանին: