ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա, և Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ առանձին և համատեղ հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:
Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահի, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Համանախագահները երկու նախարարներին ներկայացրել են իրենց գործունեությունը՝ հունիսին Վաշինգտոնում անցկացվող համատեղ հանդիպումից ի վեր, այդ թվում նաև Փարիզում և Ժնևում անցկացված վերջին խորհրդակցությունները՝ հակամարտության հումանիտար և անվտանգության հարթություններում: Նշվել են ամառվա ընթացքում բռնությունները նվազագույնի հասցնելու՝ կողմերի ջանքերի դրական արդյունքը, ներառյալ՝ ուղիղ հաղորդակցական կապերի օգտագործումը, և խոր ափսոսանք են հայտնել վերջին մահվան դեպքի կապակցությամբ:
Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և խաղաղությանը նպաստող մթնոլորտի պահպանման և բովանդակային բանակցություններին նպաստող լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ քննարկումները: Վկայակոչելով իրենց՝ մարտի 9-ի հայտարարությունը, համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության օգտագործումը, որը բորբոքող է կամ կանխակալ բանակցությունների արդյունքի համար: Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան», - նշված է հայտարարության մեջ: