Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ Ինչպես «Լուրեր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարները վերահաստատել են համատեղ ջանքերով նպաստելու օրակարգի ընդլայնմանը:
Հայաստանի և Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների գործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը և մտքեր են փոխանակել հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Մնացականյանը նշել է, որ իբրև Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ գործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Մնացականյանը գործընկերոջը ներկայացրել է ՏՏ և սմարթ զարգացման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։