Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Արարողակարգային ձեռքսեղմումից և ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ողջունում է ժողովրդավարական զարգացումները և պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին՝ առաջընթաց արձանագրելու գործում։
ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման առիթի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից նախորդ տարեվերջին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին աջակցության համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այդ օժանդակությունը նույնպես նպաստեց, որպեսզի Հայաստանում անցկացվեին վերջին 2 տասնամյակում ամենաժողովրդավարական ընտրությունները, որոնք միջազգային հանրության և դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ ու արդար: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նոր Կառավարությունը հանձնառու է կյանքի կոչել բարեփոխումների մեծ փաթեթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը, դատաիրավական ոլորտի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար հնարավորությունների ապահովմանը, և Հայաստանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցությունը բարեփոխումներն արագ և հաջող կյանքի կոչելու գործում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից բարեփոխումների նախաձեռնումը և ընդգծել, որ ՄԱԿ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Հայաստանի բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ Կառավարությունն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ։
Հայաստանի վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, գլոբալ մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։