Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը): Կանոնադրության 25-րդ կետում ներկայացվում է 6 պայման, որոնց բոլորի՛ն համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի Կ. Պոլսի Պատրիարքական աթոռի համար թեկնածություն առաջադրել: Պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար սահմանված վերոհիշյալ պայմաններից նոր և խնդրահարույց է միայն 3-րդը, որն անհնար է դարձնում արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրումը՝ փոխանցում է «Ermenihaber»-ը:
Կանոնադրության սահմանած պայմանները ներկայացված են ստորև:
1. Պատրիարքի թեկնածուի հայրը պետք է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի եղած լինի կամ լինի:
2. Թեկնածուն պետք է վայելի Թուրքիայի Հանրապետության կառավարության վստահությունը (պետության դեմ ուղղված քաղաքական հռետորաբանություն և գործունեություն ծավալած չլինի, մասնակցած չլինի պետության վստահությունը և հեղինակությունը խաթարող գործողություններին):
3. Թեկնածուն պետք է ունենա Պոլսի Հայոց Պատրիարքությանը ենթակա եպիսկոպոսի աստիճան:
4. Պետք է լրացած լինի պատրիարքի թեկնածուի 35 տարին:
5. Թեկնածուն պետք է չունենա դատվածություն, չպետք է լինեն ընտրության մասնակցությանը խոչընդոտող այլ հանգամանքներ:
6. Թեկնածուն պետք է ունակ լինի Պատրիարքի պարտականությունները հավուր պատշաճի կատարել: