Այսօր «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակում ԱԱԾ «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում, գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և Հանրային հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը:
Ցուցադրվել է հակաահաբեկչական գործողության կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:
ԱՊՀ պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքն անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ: