Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը)։ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գոհունակություն է հայտնել այս առիթով՝ միաժամանակ նկատելով, որ «փաստաթղթում առկա են որոշ ցավալի կետեր, որոնք հակասում են հայկական եկեղեցական ավանդույթներին»: «Առավել ցանկալի կլիներ, եթե սահմանափակումներ չլինեին Թուրքիայից դուրս բնակվող հոգևորականների թեկնածության առնչությամբ: Կոչ եմ անում մի կողմ թողնել ներհամայնքային տարաձայնությունները և հրաժարվել թուրքական պետությանը հակադրվելու նախկին փորձերից: Դա փակուղի տանող ճանապարհ է», - ասել է Աթեշյանը: