Այս տարվա երկրորդ եռամսյակում «Տրոյական» բջջային ծրագրեր են հայտնաբերվելՀայաստանի օգտատերերի ընդամենը 0,1%-ի սարքերում՝ հաղորդել է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը, հավելելով, որ այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում։ Համեմատության համար նշվում է, որ հարևան Վրաստանում նույն վնասաբեր ծրագրերից տուժել է օգտատերերի 0,08%, Ադրբեջանում՝ 0,07%-ը։
Նշվում է նաև, որ 2019-ի երկրորդ եռամսյակում ողջ աշխարհում հայտնաբերվել է բջջային բանկային «տրոյանների» տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է առաջին եռամսյակի ցուցանիշից։ «Կասպերսկի»-ի փորձագետները նշում են, որ կիբերհանցագործները բջջային սարքերը «տրոյաններով» վարակում են՝ օգտատերերի բանկային քարտերի և հավելվածների տվյալներին տիրանալու համար։
«Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց և հատկապես նրանց, որոնք «շահավետ» առաջարկներ են անում»,- խորհուրդ են տվել ընկերության մասնագետները։ Պետք է խուսափել նաև ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց: