Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու, առհասարակ զավթողական քաղաքականություն վարելու մեջ և վերջինիս կոչ էր արել Գոլանի բարձունքներն անհապաղ Սիրիային վերադարձնել:
Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել է Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որում մասնավորապես ասված է. «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողա՛ն, վե՛րջ տուր ստերիդ»։
Հիշեցնենք, որ վերջին տարիների ընթացքում Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները հաճախ են միմյանց փոխադարձ մեղադրանքներ ուղղում: