Հայաստանի վարչապետը Լոս Անջելես այցն ու հայ համայնքի հետ հանդիպումներն ամփոփել է FOX LA լրատվականին տված հարցազրույցում: «Մեր հայ համայնքը շատ ջերմ է ընդունել իմ՝ որպես ՀՀ վարչապետի՝ ուղերձները, քանի որ այն վերաբերում էր մեր ազգային կյանքին, տեսակետներին, մեր երկրի զարգացման ռազմավարությանը»,- նշել է վարչապետը: Այն հարցին, թե արդյոք հավանական է համարում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի միջոցով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մոտ ապագայում, վարչապետը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք դրան: Իմ ուղերձը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած հանգուցալուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի Հանրապետության, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Ի դեպ, ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որը հայտարարում է, թե այն ընդունելի պետք է լինի Ադրբեջանի ժողովրդի համար, որի համար ես Հայաստանում քննադատվել եմ: Սակայն դա շատ կարևոր է Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Եթե ադրբեջանցի իմ գործընկերներն ընդունեն այս բանաձևը, մենք կմոտենանք հակամարտության խաղաղ կարգավորմանը»: