ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին գլխի շրջանի հրազենային վնասվածքով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թ.:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել են երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.: Նախաքննությամբ պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձն իր ծանոթի ավտոմեքենայով գնացել է 27-ամյա երիտասարդի հետ հանդիպման և, վրեժի շարժառիթով, պայուսակում պահվող որսորդական հրացանից կրակոցներ արձակել վերջինիս ուղղությամբ ու դիմել փախուստի:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 30-ամյա տղամարդը նախօրեին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է և հարցաքննվել: