Պետական եկամուտների կոմիտեն բազմիցս հորդորել է շոուբիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն, մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը: Պարզվել է, որ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոուբիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին՝ հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: