Գլխավոր դատախազությունը մշակել և ՀՀ արդարադատության նախարարությանն է
ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մի
նախագիծ, որի վերջնական ընդունումը հնարավորություն կտա հարկ եղած դեպքում
վկաներին կամ փորձագետներին հարցաքննել տեսակապի միջոցով: Դատական
քննության փուլում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ քննչական
գործողությունների մասնակիցները հանրապետությունից դուրս են, ինչն
օբյեկտիվորեն խոչընդոտում է պատշաճ ժամկետներում վարույթի իրականացմանը և
թույլ չի տալիս ձեռք բերել գործի համար կարևորություն ունեցող
ապացուցողական տվյալներ:
Ի դեպ, միջազգային պրակտիկայում նոր չէ տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելը:
Այս մեխանիզմն առավելապես կիրառվում է ԵՄ անդամ պետությունների միջև
քրեական գործերով փոխադարձ իրավական աջակցություն ցուցաբերելիս, երբ մի
պետություն կարող է դիմել մեկ այլ պետության, որպեսզի տվյալ երկրի
քաղաքացին ծանուցվի և ներկայանա իրավասու մարմին՝ տեսակապի միջոցով
հարցաքննվելու:
Տեսակապի միջոցով հարցաքննելու պրակտիկան կիրառվելու է բացառիկ դեպքերում,
երբ բոլոր ողջամիտ քայլերը ձեռնարկելուց հետո անգամ հնարավոր չի լինի ապահովել
վկայի ֆիզիկական ներկայությունը դատական քննությանը: Այս իրավակարգավորումը
կնպաստի դատական քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը, նյութական
ռեսուրսների խնայմանը, ինչպես նաև կապահովի որպես մեղադրյալ ներգրավված
անձի կոնվենցիոն իրավունքների լիարժեք իրացումը: