Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, ՀՀ զինված ուժերում ծրագրված «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը զուգահեռ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ԼՂ պաշտպանության բանակում անցկացվելու են նմանատիպ զորախաղեր, որում ընդգրկվելու են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժության նպատակներն են՝ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, Արցախի և Հայաստանի ընդհանուր զորահավաքի պլանների իրականին համապատասխանությունը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՊԲ ղեկավարման օղակներին ու զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորախաղերում ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը, հակառակորդի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում հավանական զարգացումների գնահատումն ու դրանց լուծման արդյունավետ ուղիների առաջադրումը:
Եռափուլ զորախաղերի ժամանակ իրականացվելու է նաև պայմանական նշանակետերի խոցում՝ մարտական կրակի կիրառմամբ: