Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյաին:
«Ինչպես արդեն ասել եմ, ես որոշում եմ կայացրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ: Դուք բոլորդ գիտեք, բայց կարծում եմ նաև հանրության համար պետք է արձանագրեմ, որ պարոն Մարտիրոսյանը, ըստ էության, իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է Ազգային անվտանգության ծառայությունում: Սա շատ կարևոր արձանագրում է»,-նշել է վարչապետը:
Էդուարդ Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ղեկավարել մի կառույց, որտեղ 20 և ավելի տարիներ ծառայել է: «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության մարմիններն օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով, փորձառու ծառայողներով և հայրենիքին նվիրված անձանցով: Մենք կներդնենք բոլոր ջանքեր, որպեսզի ապահովենք մեր երկրի կայունությունը, ժողովրդի բարօրությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը և մեր ազգի միասնությունը»,- ասել է Էդուարդ Մարտիրոսյանը: