Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել է, որ երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որին փոխանցվել էր Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի 2 ռազմագերիների և Արցախում երկարատև ազատազրկման դատապարտված ադրբեջանցի 2 դիվերսանտների փոխանակման վերաբերյալ:
«Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք հիմա բացահայտել չեմ կարող։ Որոշ տեղեկատվության ճշգրտման հավելյալ աշխատանք է պահանջվում։ Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ ճշգրտված տեղեկությունը, կարձագանքնենք»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վերջինս չի բացառել փոխանակման տարբերակը՝ միաժամանակ ընգծելով, որ դա Արցախի Հանրապետության սուվերեն որոշման խնդիրն է: